Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալին սպանելով ԱՄՆ-ն ծանրագույն հանցագործություն է կատարել, որի մասին Իրանը չի մոռանա, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«ԱՄՆ-ի կատարած հանցագործությունը պատմության մեջ կմնա որպես իրանական ազգի նկատմամբ նրանց կատարած հանցագործություններից ամենածանրը։ Ամերիկացիները չհասկացան, թե ինչ մեծ սխալ գործեցին։ Այդ հանցագործության հետևանքների հետ նրանք կբախվեն ոչ միայն այսօր, այլև հաջորդ տարիների ընթացքում», – ասել է Ռոհանին՝ այցելելով զոհված գեներալի ընտանիքի անդամներին: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։
Իրանի նախագահի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումների ղեկավարը, ով պատասխանատու է արտասահմանում Իրանի ռազմական գործողությունների համար,ծառայում էր ոչ միայն երկրին, այլև տարածաշրջանին՝ այդ թվում Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբանանի և Աֆղանստանի ժողովուրդների անվտանգությանը։
«Գեներալ Սոլեյմանիի կորուստը լրացնելը հեշտ չէ, քանի որ նա ոչ միայն կարևորագույն գործողությունների ռազմական հրամանատարն ու ճարտարապետն էր, այլև տաղանդավոր քաղաքական գործիչ ու ստրատեգ», – հավելել է Ռոհանին։
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին զոհվել է Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով: Գրոհն արտոնել Է Դոնալդ Թրամփը, որը գեներալին անվանել է «թիվ մեկ ահաբեկիչն աշխարհում»՝ նրան մեղադրելով ամերիկացի դիվանագետների և զինծառայողների վրա հարձակումներ նախապատրաստելու մեջ:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար։