Իրաքի մայրաքաղաքում հրաժեշտ են տալիս ամերիկյան ավիահարվածի հետևանքով զոհված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, ինչպես նաև Իրաքի շիա աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսին և նրանց ուղեկցող սպաներին, հայտնել է արաբական «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը:
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Ալ Մուհանդիսի դագաղը ծածկված է Իրաքի ազգային դրոշով, Սոլեյմանիի դագաղը փաթաթված է սև կտորի մեջ: Փողոց է դուրս եկել մի քանի հազար մարդ, որոնք հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկում։ Իրաքցի հրամանատարներին, ամենայն հավանականությամբ, կթաղեն արդեն շաբաթ օրը։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով ՝ Սոլեյմանին կտեղափոխվի Իրան և կհուղարկավորվի հաջորդ շաբաթ:
Հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում հրթիռային հարվածի հետևանքով սպանվել են Սոլեյմանին և Իրաքի շիա աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը, որոնց Վաշինգտոնում մասնակից են համարում դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպմանը: