ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքող իրաքցիներին կոչ է արել սլաքն ուղղել Իրանի դեմ։ Համապատասխան գրառումը Սպիտակ տան ղեկավարը հրապարակել Է երեքշաբթի Twitter-ում։ Ավելի վաղ Թրամփը Թեհրանին մեղադրել էր Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ անկարգություններ կազմակերպելու մեջ:
«Ազատության ծարավ միլիոնավոր իրաքցիներ, ովքեր չեն ցանկանում Իրանի վերահսկողության տակ լինել, եկել է ձեր ժամանակը»,- նշել Է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան առջև զանգվածային ակցիա է ընթանում ՝ ի նշան բողոքի Սիրիայի հետ սահմանակից էլ Կաիմ քաղաքում շիա «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման ճամբարի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարձակման: Հարձակման հետևանքով զոհվել է 25 մարդ, առնվազն 50 աշխարհազորայիններ վիրավորվել են:
Դեսպանատան անվտանգությունն ու անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական կազմավորումները ցուցարարների դեմ արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել և մի քանի նախազգուշական կրակոց արձակել օդ: