Ուկրաինայում քրեական գործ են բացել Ղրիմի կամրջով քաղաքացիական ուղևորափոխադրման հետ կապված:
Այսպես կոչված Ղրիմի դատախազությունը, որը մտնում է Ուկրաինայի Գլխավոր դատախազության կառուցվածքի մեջ, քրեական գործ է բացել Կերչի նեղուցով Ղրիմի կամրջով առաջին քաղաքացիական ուղևորափոխադրման հետ կապված: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Դատախազության Telegramm-ի ալիքով տարածած հաղորդագրությանը:
Դատախազությունում խոստացել են իրավական գնահատական տալ Ռուսաստանի կողմից Ղրիմի կամրջով երկաթուղային հաղորդակցության մեկնարկի համար` այն անվանելով «անօրինական»: Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը դրանով խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բացեց Կերչի նեղուցով Ղրիմի կամրջով երկաթուղային հաղորդակցություն: Դրան ի պատասխան` Ուկրաինայի Արտործնախարարությունը Ռուսաստանին բողոք է արտահայտել: