Իրանական կողմը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաքերի-Կանը։ Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 29-ին Վիեննայում բանակցությունների վերսկսման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵՄ-ի համակարգող Էնրիկե Մորոյի հետ հեռախոսազրույցում:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն իր մամուլի հաղորդագրության մեջ հաստատել է այդ ամսաթիվը։ Այնտեղ հստակեցրել են, որ բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները: Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես հաստատել է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը:
Նա Twitter-ի իր էջում գրել է, որ այդ երկար սպասված հավաքական որոշումը ճանապարհ է բացում ամերիկյան պատժամիջոցների չեղարկման համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս Իրանին վերադառնալ 2015 թվականի գործարքի միջուկային դրույթների լիակատար իրագործմանը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, ամերիկյան կողմը հնարավոր է համարում միջուկային համաձայնագրին վերադառնալու շուրջ արագ համաձայնության գալու հանգամանքը։
«Եթե Իրանը լրջորեն մոտենա աշխատանքին, ապա գործընթացը կարելի է ավարտել համեմատաբար արագ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Փրայսի խոսքով՝ նոյեմբերի 29-ին Վիեննայում ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսումից հետո կողմերը կշարունակեն լուծել համեմատաբար փոքր թվով խնդիրներ։ Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ ժամանակը, որը կա, հավերժ չէ: Նա հայտնել է, որ Վիեննայում Իրանի և միջազգային միջնորդների միջև բանակցությունների ընթացքին կհետևի ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Ռոբերտ Մելլին: Գործակալությունը նշում է, որ 2021 թվականի ապրիլից մինչև հունիս Իրանը և մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում բանակցությունների վեց փուլ են անցկացրել՝ ԳՀՀԾ-ի վերականգնման նպատակով: Այնուհետև բանակցությունները դադարեցվել են. իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Թեհրանը պատրաստ կլինի բանակցությունները շարունակել օգոստոսի սկզբին Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալությունից և նոր կառավարության ձևավորումից հետո: