«Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ պատժամիջոցները, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված 2020 ֆինանսական տարվա ռազմական բյուջեով (սկսվել է հոկտեմբերի 1-ին), ուժի մեջ են մտնում անհապաղ։ Այս մասին նշված է ԱՄՆ–ի ֆինանսների նախարարության հրապարակած պարզաբանման մեջ, որը վերաբերում է ամերիկյան սահմանափակող միջոցների գործողության կանոններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«2019 թվականի դեկտեմբերի 20 -ին նախագահի ստորագրումից հետո ռազմական բյուջեի 7503 (որտեղ թվարկված են գազատարների նկատմամբ պատժամիջոցները) բաժնի դրույթներն անմիջապես ուժի մեջ են մտնում», – նշվում է փաստաթղթում:
Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 17-ին հավանություն է տվել 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի (National Defense Authorization Act, NDAA) մասին օրինագծին, որը վարչակազմին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել ռուսական «Հյուսիսային հոսք – 2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ: Դեկտեմբերի 11-ին փաստաթղթի օգտին քվեարկել էր Ներկայացուցիչների պալատը , իսկ ահա դեկտեմբերի 20-ին փաստաթուղթը ստորագրել է Թրամփը, և օրինագիծն ուժի մեջ է մտել: