Իսրայելի Քնեսետի (միապալատ խորհրդարանի) պատգամավորների սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ձևավորման համար հատկացված ժամկետը լրացել է, բարձրագույն օրենսդիր մարմինն այժմ պաշտոնապես լուծարված է համարվում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի՝ խորհրդարանականները դեռ կարող են ընդունել երկրորդ և երրորդ ընթերցմամբ պալատի ինքնալուծարման մասին օրինագիծը, քանի որ առաջին ընթերցմամբ այն հավանության է արժանացել դեկտեմբերի 11-ին ՝ մինչև կաբինետի ձևավորման մանդատի ավարտը: Ըստ օրինագծի, եթե այն ընդունվի, երկրում ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին։ Հակառակ դեպքում, ընտրություններն ավտոմատ կերպով կնշանակվեն մարտի 10-ին, ու քանի որ այդ օրը Իսրայելում նշվում է Պուրիմի տոնը, հնարավոր է քվեարկությունը հետաձգվի մինչև մարտի 17-ը։
Նշվում է, որ այս պահին խորհրդարանական հատուկ հանձնաժողովը պատրաստում է երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկման համար պալատի ինքնալուծարման մասին օրինագիծը: Ինչպես պատգամավորներին ուղղված նամակում պարզաբանել է Քնեսետի իրավաբանական խորհրդականը, փաստաթղթին «անհրաժեշտ է անցնել ստանդարտ օրենսդրական ընթացակարգեր»:
Իսրայելը մարտին վերջին 11 ամիսների ընթացքում գնում է երրորդ և արդեն երկրորդ կրկնակի ընտրություններին։ Այս տարի ապրիլի 9-ի առաջին ընտրություններից հետո Նեթանյահուն չկարողացավ իրեն հատկացված ժամկետում կառավարություն ձևավորել, որից հետո վարչապետի կուսակցությունը վերջին րոպեներին անցկացրեց 21-րդ գումարման Քնեսեթի ինքնալուծարման և երկրի պատմության մեջ առաջին անգամ սեպտեմբերի 17-ի կրկնակի ընտրությունների անցկացման մասին օրենքը: