Դեկտեմբերի 10- ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպումը տևել է 45-50 րոպե։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում։
Ըստ աղբյուրի՝ Լավրովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ռազմավարական կայունության հարցերը։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել ռազմավարական կայունությանը, անվտանգությանը, սպառազինությունների վերահսկման և չտարածման ոլորտում առկա մի շարք խնդիրների վրա», – հանդիպման ավարտին ընդգծել է Լավրովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին, անդրադառնալով հանդիպմանը, իր Twitter-ի էջում նշել է, որ անհամբերությամբ է սպասում մոտ ապագայում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակությանը՝ հավելելով՝ «Քննարկեցինք շատ թեմաներ, ներառյալ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, միջուկային զենքի վերահսկումը և ընտրությունների միջամտությունը: Հուսով եմ ՝ առաջիկայում կշարունակենք մեր երկխոսությունը»:
Նշենք, որ Սերգեյ Լավրովը մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը հանդիպել է նաև պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ։