Նոր Զելանդիայի բնակիչ Հարի Սինգհը լողափում պինգվին է հայտնաբերել է և փրկարարների կանչել: Մասնագետները պարզել են, որ դա Ադելի տեսակի ներկայացուցիչ պինգվին է, որը բնակվում է միայն Անտարկտիկայի թերակղզում՝ Նոր Զելանդիայից երեք հազար կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին գրում է The Guardian-ը։
«Սկզբում ես մտածեցի, որ դա փափուկ խաղալիք է, բայց հանկարծ պինգվինը շարժեց գլուխը, և ես հասկացա, որ նա իսկական է», – պատմել է Նոր Զելանդիայի Հարավային կղզու բնակիչը: Սինգհի խոսքով՝ պինգվինը չէր կարողանում մտնել ջրի մեջ։ Տղամարդը որոշել է զանգահարել հատուկ ծառայություն՝ վախենալով, որ թռչունը շների զոհ կդառնա։
Պինգվինների վերականգնողական մասնագետ Թոմաս Սթրեքի պնդմամբ՝ պինգվինը սոված է եղել և ջրազրկվել ։ Սթրեքն առաջարկել է թռչունին ռազմական ինքնաթիռով վերադարձնել Անտարկտիդա, սակայն Բնապահպանության դեպարտամենտում նրան մերժել են։ Արդյունքում՝ պինգվինին ազատ են արձակել՝ հույս ունենալով, որ նա ինքը կկարողանա տուն հասնել։
Սա երկրի պատմության մեջ երրորդ նման դեպքն է։ Այս տեսակի առանձնյակները հայտնաբերվել են 1962 և 1993 թվականներին: Կենդանաբան Ֆիլիպ Սեդդոնի կարծիքով՝ Նոր Զելանդիայում պինգվինների հայտնվելը կարող է վկայել ծովային էկոհամակարգի խնդիրների մասին: Ջրի տաքացման պատճառով ձուկը գնում է այլ ջրեր, իսկ թռչունները երկար հեռավորություններ են անցնում՝ սնունդ գտնելու համար: