Լամբետյան պալատում՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսի լոնդոնյան առանձնատանը պահպանված Հին Հռոմի ժամանակների Տակիտոսի «Տարեգրության» պատմական ձեռագիր թարգմանությունը, պարզվում է, գրել է Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը։ Ձեռագրի մանրամասն ուսումնասիրությունից հետո այսպիսի եզրահանգման է եկել Արևելյան Անգլիայի համալսարանի պատմաբան Ջոն Մարկ Փիլոնը։ Այս մասին հայտնում է lenta. ua-ն։
Այս եզրահանգման համար հիմք է հանդիսացել թագուհու ձեռագիրը, որը բավական ինքնատիպ է եղել։ Գիտնականը հատկապես նշել է M և N տառերը հորիզոնական, ինչպես նաև E և D տառերը թեք գրելը, որը բնորոշ էր թագուհուն։
Նշենք, որ Եղիսաբեթ I Թյուդորը կառավարել է 1559-1603 թթ․, և նրա թագավորության ժամանակաշրջանը բնութագրվում է ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլև մշակույթի և գիտության ծաղկմամբ։
Ըստ պատմաբանների՝ դա հիմնականում կապված է եղել այն բանի հետ, որ գիտնականներին և արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին թագուհին անձամբ էր սատարում։ Նա ակտիվորեն մասնակցում էր աշխարհիկ կյանքին և հովանավորում XVI դարի այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսին էին Ուիլյամ Շեքսպիրը, Ջոն Դին, Ֆրենսիս Բեկոնը։