Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսյուն, նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Ռյաբկովը և Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աջակցել Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորմանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են շարունակել շփումները Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ Մա Չժաոսյուն զրույցի ընթացքում հիշեցրել Է Իրանի միջուկային խնդրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերաբերող պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտության մասին, քանի որ դա «բազմակողմ դիվանագիտական ջանքերի կարևոր արդյունք է», որը վայելում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը:
«Բացի այդ, դա առանցքային հենարան է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի համար»,- ընդգծել է չինացի դիվանագետը: Նրա խոսքերով՝ այդ համաձայնագրի պահպանումից է կախված Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը:
«Վիեննայում կայանալիք բանակցություններում շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է ակտիվ պրագմատիկ դիրքորոշում պահպանի, հարգանք ցուցաբերի փոխադարձ շահերի նկատմամբ, համապատասխան մթնոլորտ ստեղծի, որպեսզի այդ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերականգնվի», – ամփոփել է Մա Չժաոսյուն: