ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «թյուրքական աշխարհի» քարտեզով լուսանկարը, որում ներառված է եղել Ռուսաստանի տարածքի զգալի մասը, այդ թվում՝ Սիբիրը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
«Մեր թուրք գործընկերները թյուրքական միասնության գաղափար են կերտում, ինչը նորմալ է։ Միակ բանը, ինչի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում: Այն Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում, որը ցանկացած թուրքի համար սուրբ վայր է, որտեղից և նրանք եկել են: Դա ես որպես թուրքագետ եմ ասում»,-ասել Է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել էր «թյուրքական աշխարհի» քարտեզը: Էրդողանի և Բահչելիի քարտեզով լուսանկարը հայտնվել է Twitter-ում։ Ինչպես գրել էր գործակալությունը, «թյուրքական աշխարհում», ըստ Բահչելիի, մտնում են Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը: