Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել ԱՄԷ-ի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար, գեներալ Ահմեդ Նասեր Ալ Ռաիսին:
Իրավապաշտպանները և Եվրախորհրդարանի անդամները մտահոգություն են հայտնում նրա թեկնածության կապակցությամբ, քանի որ մի շարք երկրներում նրան մեղադրում են ԱՄԷ բանտերում կտտանքների և բռնության խրախուսման մեջ, հաղորդում է BBC-ն:
Մասնավորապես, նրա դեմ բողոքներ են ներկայացվել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի քաղաքացիների կողմից։
Նոյեմբերի 11-ին Եվրոպական խորհրդարանի անդամները նամակ են հղել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, որում նախազգուշացրել են, որ Ինտերպոլի նախագահ Ալ Ռաիսիի ընտրվելը հարված կլինի կազմակերպության հեղինակությանը:
Իրավապաշտպանների խոսքով՝ Ինտերպոլի համակարգում իրենց նպատակների համար օգտագործում են բազմաթիվ ավտորիտար երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և Ադրբեջանը: