Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Գյուլենի արտահանձնման համար Էրդողանը համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել:
Էրդողանը նշել է, որ Գյուլենի կազմակերպությունն ահաբեկչական կառույց է, որը ոտնձգություն է կատարել Թուրքիայի սահմանադրական կարգի նկատմամբ և Թուրքիան ցանկանում է՝ «Միացյալ Նահանգներն արտահանձնի ահաբեկիչներին իրենց պահանջով այնպես, ինչպես իրենք են արտահանձնում նրանց ԱՄՆ-ի պահանջով»:
Նշենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել է զինված ուժերի և այլ համակարգերում զանգվածային ձերբակալությունների ալիք, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Ռազմական հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին։ Գյուլենը հերքել է իր մասնակացությունը ռազմական հեղաշրջմանը։