Ամերիկյան ռազմական մեքենաների շարասյունը լքել է Հալեպի շրջանում տեղակայված ռազմաբազան` ուղևորվելով Իրաքի հետ սահմանի ուղղությամբ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով SANA գործակալությանը:
Ինչպես նշում է աղբյուրը, շարասյունը բաղկացած է տասնյակ բեռնատարներից և ռազմական մեքենաներից: Մինչ այդ ամբողջ տեխնիկան գտնվել է Հալեպի ամերիկյան Սարին ռազմաբազայում: Ռազմական տեխնիկան ուղղություն է վերցրել դեպի սիրիա-իրաքյան սահմանի հյուսիսային հատված:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Պենտագոնը հայտարարել էր, որ շարունակելու է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքից, որը կտևի մի քանի շաբաթ:
Համաձայն ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության` Սիրիայում կմնան միայն մինչև 800 ամերիկյան զինծառայողներ, որի հիմնական խնդիրներից մեկն է լինելու երկրի հյուսիսարևելյան նավթահանքերի անվտանգության ապահովումը: