Աշխարհի երկրներն արձագանքում են կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի հայտնաբերմանը: Այս գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նշվում է, որ նոր շտամը, նախնական տվյալներով, ավելի վարակիչ է, քան նախորդները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որպես մտահոգիչ է որակել:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին, արձագանքելով «օմիկրոն» նոր շտամի հայտնաբերմանը, շատ երկրներում կրկին խիստ սահմանափակումների են անցել: Մասնավորապես ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Կանադան արգելել են օտարերկրացիների մուտքը Հարավային Աֆրիկայի երկրներից: Ավստրալիան նոյեմբերի 27-ին ոչ միայն արգելել Է Հարավային Աֆրիկայից օտարերկրացիների մուտքը, այլև, ընդհանուր առմամբ, երկու շաբաթով չեղյալ է հայտարարել տարածաշրջանի երկրների ավիաչվերթները: Ճապոնիան շաբաթ օրվանից Հարավային Աֆրիկայից ժամանողների համար տասնօրյա կարանտին է սահմանել:
Իր հերթին, Իսրայելը նախատեսում է երկուշաբթի օրվանից երկու շաբաթով արգելել օտարերկրացիների մուտքը երկիր, իսկ արտասահմանից ժամանող իր քաղաքացիների համար կրկին պարտադիր կարանտին սահմանել: Առայժմ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամի միայն մեկ դեպք: Արտերկրից վերադարձող ամբողջովին պատվաստված իսրայելցիների համար հյուրանոցում եռօրյա պարտադիր կարանտին է մտցվում: Բացի այդ, Իսրայելի կառավարությունը «Շին Բեթ» հատուկ ծառայություններին հանձնարարել է հետևել կորոնավիրուսով վարակված մարդկանց տեղաշարժերին:
Անգլիան ևս խստացրել է սահմանփակումներն ու պահանջները: Այսպես կոչված՝ կարմիր ցուցակում գտնվող Հարավային Աֆրիկայի տասը երկրներից վերադարձող քաղաքացիները պետք է հյուրանոցում տասնօրյա կարանտին անցնեն: Անգլիան նաև կրկին պարտադիր է դարձրել PCR թեստը երկիր մուտք գործող բոլոր անձանց համար:
Բացի այդ, Մեծ Բրիտանիայում հայտարարել են պարտադիր դիմակ կրելու ռեժիմին անցնելու մասին: Ինչպես հաղորդում է TACC-ը, Ռուսաստանը սահմանափակել է Հարավաֆրիկյան Հանրապետության, Բոտսվանայի, Լեսոտոյի, Նամիբիայի, Զիմբաբվեի, Մոզամբիկի, Մադագասկարի, Էսվատինիի, Տանզանիայի տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՌԴ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամ այսօր չի հայտնաբերվել:
Աֆրիկայի մի շարք երկրներից մուտքի սահմանափակումներ են սահմանել նաև Սինգապուրը, Բահրեյնը, Մարոկկոն, Մալայզիան, Սաուդյան Արաբիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Արգենտինան, Բրազիլիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Քուվեյթը և Իրանը: