Եվրամիությունը երրորդ անգամ երկարաձգել է Brexit-ի վերջնաժամկետը: Նոր վերջնաժամկետ է սահմանվել 2020թ. հունվարի 31-ը: Այս մասին գրառում է կատարել Եվրոպական Խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերյան իր էջում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ անդամ 27 պետությունների ղեկավարները միաձայն հաստատել են նոր վերջնաժամկետը:
Եվրախորհուրդը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ համաձայանգրի տեքստը չի կարող փոխվել, իսկ մինչ դուրս գալը Լոնդոնի վրա շարունակում են տարածվել ԵՄ-ի լիարժեք անդամի իրավունքներն ու պարտականությունները:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գար դեռևս 2019թ. մարտի 29-ին, սակայն բրիտանական Համայնքների պալատը մերժել է դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Բրյուսելի և Թերեզա Մեյի կառավարության միջև: Արդյունքում վերջնաժամկետը տեղափոխվել էր ապրիլ, այնուհետ մայիս ամիս, իսկ վերջում` հոկտեմբերի 31:
Հոկտեմբերի 28-ին վարչապետ Ջոնսոնը գրավոր դիմել էր Բրյուսելին ԵՄ-ի` վերջնաժամկետի երրորդ հետաձգման համաձայնության համար: