Բելառուսի սահմանապահները խիստ պատասխան միջոցներ կձեռնարկեն Ուկրաինայի կողմից պետական սահմանի նոր խախտումների դեպքում: Այս մասին կիրակի հայտարարել է Մոզիրսկի սահմանապահ ջոկատի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Պավլովը, փոխանցում է ТАСС-ը։
Ուկրաինայի Ми-8 ռազմական ուղղաթիռը, ինչպես շաբաթ օրը հայտնել են Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեում, զորավարժությունների ժամանակ խախտել է սահմանը և ներխուժել Հանրապետության տարածք մինչև 1 կմ խորության վրա: Ավելի ուշ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հերքել է այդ հայտարարությունը:
Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի հետ Բելառուսի սահմաններում, որտեղ տարեսկզբից միգրանտներ են կուտակվել, ճգնաժամ է առաջացել, որը սրվել Է նոյեմբերի 8-ին: Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել է լեհական սահմանին և փորձել է մտնել սահմանակից տարածք։ Միգրանտների հետ կապված ստեղծված իրադրության կապակցությամբ Ուկրաինայի ուժային կառույցները լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայել Բելառուսի հետ սահմանին և վարժանքներ են անցկացնում սահմանամերձ շրջաններում: