Թուրքիան մտադիր է C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հավելյալ խմբաքանակ ձեռք բերել Ռուսաստանից։ Թեմայի առնչությամբ հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ռուսական «Rosoboroneksport» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ երկու երկրներն այժմ քննարկում են ռուսական արտադրության C-400-ների նոր խմբաքանակի մատակարարման ժամկետներն ու ֆինանսական պահանջները։
Ռուս պաշտոնյայի խոսքով` Թուրքիայի կողմից գնված C-400 ՀՕՊ համակարգերի երկու խմբաքանակներն արդեն ուղարկվել են Թուրքիա՝ 72 թռիչքով։
Հիշեցնենք, որ ռուս մասնագետներն արդեն վերապատրաստում են թուրք զինծառայողներին ՀՕՊ համակարգերին տիրապետելու համար։ Ուսուցման ծրագրի ավարտից հետո թուրքական կողմը մտադիր է համակարգերով մարտական հերթապահություն իրականացնել։ Համաձայն թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ թուրքական կողմն այն շահագործման կհանձնի 2020 թվականի ապրիլին։
Հիշեղնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից՝ Ռուսաստանից C-400-ների գնման պատճառով: