Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինուժը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում ՝ Եփրատից արևելք։
«Գուցե այսօր կամ վաղը մենք նման որոշում կայացնենք, այդ գործողությունը կվարենք ինչպես ցամաքում, այնպես էլ օդային տարածությունում», — ասել է նա։
Այս հայտարարությունը նախագահն արել է Քըզըլջահամամ քաղաքում «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ:
Թուրքիայի նախագահը կայանալիք ռազմական գործողությունների նպատակը անվանել է Սիրիայի սահմանամերձ տարածքներում սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ անվտանգության գոտի ստեղծելը։
Հիշեցնենք, որ սույն տարվա օգոստոսին Անկարայում տեղի ունեցած թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում քննարկման էր դրվել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու խնդիրը։ Կողմերի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել անվտանգության գոտու ռեալիզացման գործնական հարցերի շուրջ, սակայն ավելի ուշ Թուրքիան հայտնել էր, որ կդիմի ուժի կիրառման, եթե ԱՄՆ-ը ձգձգի գործընթացի իրագործումը։
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա վերջինս թուրքական և ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում դիտարկում է որպես անօրինական։