Թուրքիան շարունակում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին և խոչընդոտում է Սիրիայի հյուսիսում իրավիճակի կայունացմանը։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը։
«Անկարան շարունակում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին և խոչընդոտում է Սիրիայի հյուսիսում իրադրության կայունացմանը»,- ընդգծել է նա: ԱԳ նախարարի խոսքով՝ «թուրքական իշխանություններն անմարդկային կերպով են վարվում՝ անջատելով Հասեկե նահանգի բնակավայրերի ջրամատակարարումը»:
Նա նշել է, որ Դամասկոսում նման ռեպրեսիվ միջոցառումները գնահատում են որպես միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում: Միկդադը նաև նշել է «թուրքացման քաղաքականության վտանգավոր հետևանքները, որն իրականացնում է Անկարան օկուպացված շրջաններում»:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան 2017 թվականին անվտանգության գոտի է ստեղծել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուս, Էլ Բաբ և Աազազազ սահմանային քաղաքների միջև ընկած տարածքում: 2018 թվականին թուրքական զորքերի կողմից «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում բռնազավթվել է Աֆրին շրջանը, որը գտնվում է Հալեպից 65 կմ հեռավորության վրա: 2019 թվականի հոկտեմբերին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն է իրականացրել՝ իր սահմանի երկայնքով անվտանգության 30 կմ գոտի ստեղծելով Հասեկե և Ռաքքա նահանգներում: