Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդհուն հաղթել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում: Միջոցառումը, որը տեղի է ունեցել Էյլաթում, հեռարձակվել է երկուշաբթի երեկոյան մրցույթի YouTube-ի էջում։
Լողազգեստների մրցույթից հետո արարողության կիսաեզրափակիչ է անցել 10 մասնակից, ավելի ուշ նրանցից միայն հինգն է հնարավորություն ունեցել պատասխանել ակտուալ թեմաներով ժյուրիի հարցերին և անցնել եզրափակիչ։ Այս փուլից հետո մնացին Հնդկաստանի, Պարագվայի և Հարավային Աֆրիկայի մասնակիցները, որոնք պետք է կարճ ելույթ ունենային կոնկրետ թեմայով։
Մրցույթի մասնակիցներին խնդրել են խորհուրդներ տալ այն աղջիկներին, ովքեր ժամանակակից աշխարհում ճնշումների են ենթարկվում։ Հաղթողը երիտասարդներին դիմել է եռանդուն կոչով՝ հավատալ իրենց, չհամեմատել ուրիշների հետ և մտածել աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին։
Ի դեպ, մրցույթում Հայաստանը ներկայացնում էր «Միսս Աշխարհ Արմենիա» և «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների հաղթող Նանե Ավետիսյանը: