Հնդկաստանի հյուսիսային Ութար Պրադեշ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների պատճառով անցած շաբաթ առնվազն 73 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին։
Աղբյուրը հայտնում է, որ միայն նահանգի արևելյան շրջաններում անցած մի քանի օրվա ընթացքում տեղացել են 84-ից մինչև 102 միլիմետր տեղումներ, ինչը զգալիորեն գերազանցում է տարվա տվյալ ժամանակահատվածի համար նորմա համարվող միջին վիճակագրական ցուցանիշը:
Նման եղանակային պայմաններ են ստեղծվել նաև մի քանի հարևան նահանգներում՝ Բիհար, Ուտարակհանդ և Ռաջաստան։ Հյուսիսային Հնդկաստանում մի շարք գնացքներ և ավիաչվերթներ չեղարկվել են։ Այդ նահանգների դպրոցներում մինչև սեպտեմբերի 30-ը չեղյալ են հայտարարվել դասերը:
Տեղի իշխանությունների որոշման համաձայն՝ 400 հազար ռուփի (շուրջ 5,8 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում կվճարվի զոհվածների ընտանիքներին:
Օդերեւութաբանների կանխատեսումները առաջիկա մի քանի օրերի համար նույնպես անհուսալի են․ օդերևութաբանները հայտնել են շատ ուժեղ անձրևների մասին՝ կոչ անելով քաղաքացիներին մնալ տանը: