Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աշխատանքային խումբը կձևավորվի Անկարայում՝ մինչև 2022 թվականի հունվարի 20-ը։ Այս մասին HaberTürk պարբերականում գրել է թուրք հայտնի լրագրող Չեթիներ Չեթինը։
Նա հայտնել է, որ հատուկ ներկայացուցիչները կնշանակվեն պարիտետային հիմունքներով։ Անկարայում քննարկում են 7 մարդու թեկնածություն։
Ըստ հեղինակի՝ մինչև 2022 թվականի մայիս կստեղծվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եռափուլ ճանապարհային քարտեզ։ Առաջին փուլում նախատեսվում է Ստամբուլից Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթների բացում։
Երկրորդ և առանցքային փուլը Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի բացումն է։ Անկարան ցանկանում է, որ այդ հարցը լուծվի 2022 թվականի մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում։ Եվ, վերջապես, երրորդ փուլը տնտեսական հարաբերություններն են, որոնց հաստատումը կարելի է ակնկալել հաջորդ տարվա հուլիսից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ բանագնացներ կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով: Նա նաև հայտնել է, որ Երևանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացվի։
ՀՀ ԱԳՆ-ը դեկտեմբերի 14-ին հաստատել էր Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին պայմանավորվածության առկայությունը: ՀՀ ԱԳՆ-ը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը։