Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից «Պատրիոտ» համակարգերի գնումը հնարավոր կդառնա այն դեպքում, եթե ԱՄՆ-ը առաջարկի գնման այնպիսի պայմաններ, ինչպիսիք գործում են այժմ ռուսական արտադրության Ս-400 համակարգերի դեպքում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ այս բանակցության շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու շաբաթ առաջ` հեռախոսազրույցի շրջանակներում:
Հիշեցնենք, որ հակաօդային պաշտպանության ամերիկյան արտադրության «Պատրիոտ» համակարգերը զինմթերքի շուկայում ԱՄՆ-ի կողմից հանդես են գալիս որպես այլընտրանք ռուսական Ս-400 համանման նշանակության համակարգերի: Եվ Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի գնման առնչությամբ ծագած ԱՄՆ-Թուրքիա հակասությունների ֆոնին Միացյալ Նահանգները վերջին շրջանում Թուրքիային առաջարկում էր փոխարինել Ռուսաստանի Ս-400 համակարգերի գնումը «Պատրիոտով»:
Սակայն ինչպես հայտնի է, ռուսական արտադրության համակարգերի առաջին խմբաքանակը արդեն Թուրքիայում է, և այժմ պայմանավորվածություններ են ձեռք բերվում գործարքի հետագա ընդլայնման շուրջ: