Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել։ Ոստիկաններն սկսել են մասնակիորեն անցնել ցուցարարների կողմը։ Երկրում հանրահավաքները շարունակվել են նաև այն բանից հետո, երբ հեղուկ գազի գինը վերադարձվեց նախկին մակարդակին։ Այս մասին հայտնում է RBK-ն։
⠀
Նշվում է նաև, որ Ալմաթիի կենտրոնում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և Ազգային գվարդիայի ուժերի միջեւ: Ցուցարարները գրոհել են քաղաքային վարչակազմը։ Ընդհանուր առմամբ, Ալմաթիի կենտրոնում գտնվող հրապարակ է եկել մոտ 10 հազար մարդ։ Նրանք զինված են ռետինե մահակներով։ Ուժայինները նրանց ցրում էին լուսաձայնային նռնակների օգնությամբ։
⠀
Ալմաթիի վարչակազմի շենքում, որը գրոհով վերցրել էին ցուցարարները, հրդեհ է բռնկվել: Կազթագի տվյալներով՝ ծուխը երեւում է նաեւ նախագահի նստավայրի շենքի վրա։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ իրավապահ մարմինների ստորաբաժանումները ցուցարարների հիմնական մասին դուրս են մղել Ալմաթիի կենտրոնում գտնվող հրապարակից: Հաղորդվում էր, որ քաղաքի կենտրոնում չարտոնված ակցիաների համար հավաքվել է շուրջ հազար մարդ։ Ցուցարարաներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Հիշեցնենք, որ Ղազախստանում գազի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ին։
⠀