Պակիստանը ԱՄՆ-ի կողմից ուղղաթիռների շարժիչների մատակարարման էմբարգոյի պատճառով հրաժարվել է Թուրքիայից 30 T129 հարվածային ուղղաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ 1,5 մլրդ դոլարի գործարքից, հաղորդում է Daily Sabah-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն, որը հղում է անում պակիստանյան ԶԼՄ-ներին, համապատասխան հայտարարություն է արել պակիստանյան բանակի ներկայացուցիչ գեներալ Բաբար Իֆթիհարը: Նա հաստատել է, որ Պակիստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում հարվածային ուղղաթիռներ ձեռք բերելու շուրջ։ Որոշ տվյալների համաձայն՝ Իսլամաբադը կարող է դիտարկել Z-10ME ուղղաթիռների գնման հնարավորությունը, որը չինական Z-10 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է:
Գործակալությունը նշում է, որ Պակիստանը 2018 թվականին պայմանավորվել է թուրքական TAI ընկերության արտադրության T129 (ATAK) տակտիկական հարվածային ուղղաթիռներ ձեռք բերելու շուրջ։ Ուղղաթիռները համալրված են LHTEC-ի, բրիտանական Rolls Royce-ի եւ ամերիկյան Honeywell ընկերության համատեղ ձեռնարկության արտադրության շարժիչներով: Օտարերկրյա ընկերությունները պարտավոր են արտահանման թույլտվություն ստանալ ԱՄՆ-ի արտադրության ռազմական արտադրանքի վաճառքի համար:
Ինչպես գրում է պարբերականը, չնայած Վաշինգթոնը հավանություն է տվել նույն ուղղաթիռի արտահանմանը Ֆիլիպիններ, միեւնույն ժամանակ ԱՄՆ-ը հավանություն չի տվել Պակիստանին դրանց վաճառքին, ինչը որոշ դիտորդներ կապում են Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: