Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
«Նախօրեին հայտնի է դարձել, որ պայթյունի սպառնալիքներով նամակ է ստացվել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին։ Անհայտ անձինք պահանջել են Ղազախստանի տարածքից դուրս բերել երկրների զորքերը», – մեջբերում է գործակալությունը աղբյուրը։
Նրա խոսքով՝ շենքերը հետազոտվել են՝ ոչ մի պայթուցիկ սարք և պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում հայ զինծառայողներին Ղազախստան ուղարկելու մասին: Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման կազմում ընդգրկված է 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնելու է բացառապես ռազմավարական նշանակության շենքերի և ենթակառուցվածքների պահպանման գործառույթներ: