ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամ պետություններն օպերատիվ կերպով Ղազախստանի Հանրապետության նախագահի խնդրանքով ուղարկել են ռազմական զորակազմ ճգնաժամային իրավիճակի կարգավորման հարցում օգնություն ցուցաբերելու համար: ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը, որոնցից հիմնականը Ղազախստանի Հանրապետության կարևոր պետական և ռազմական օբյեկտների պահպանությունն է:
Հաղորդվում է, որ Միացյալ շտաբը ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ մշակել է Հավաքական անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից հաստատված փաստաթղթեր՝ Ղազախստանում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձեւավորման և հանրապետության տարածքում խաղաղապահ գործողության անցկացման վերաբերյալ:
Հաղորդագրության համաձայն՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի սրման սկզբից տեղափոխվել է աշխատանքի ուժեղացված ռեժիմի:
Նաև ծավալվել է ՀԱՊԿ–ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի շուրջօրյա աշխատանքը, որն ապահովում է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ կապը: Հատուկ վերահսկողության ներքո է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական զորակազմերի տեղակայման, նյութատեխնիկական ապահովման կազմակերպման և անհրաժեշտ միջոցների համալրման հարցերով պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցությունը: