Ղազախստանի իրավապահ մարմինները Ալմաթիում ձերբակալել են ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների ավելի քան 1,600 մասնակիցների: Այս մասին ТАСС-ին հայտնել են Ալմաթիի պարետարանից։
«Ընդհանուր առմամբ ձերբակալվել է ապօրինի ակցիաների, կողոպուտների և այլ հանցագործությունների 1.678 մասնակից։ Առգրավվել է 36 միավոր հրազեն և 1476 միավոր ռազմամթերք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պարետարանի տվյալներով՝ ավազակային խմբավորումներից «մաքրվել են» քաղաքի Ալաթաուի և Մեդեուի շրջանների հատվածները: Ոստիկանությունը Ալմաթիի պարագծով տեղադրված 5 անցակետերում ձերբակալել է 38 մարդու։
Հունվարի 2-ին Ղազախստանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք վերաճել են զանգվածային անկարգությունների և ջարդերի: Դրանք ուղեկցվել են հանրապետության բազմաթիվ քաղաքներում ոստիկանների, զինվորականների և իշխանության մարմինների վրա հարձակումներով։ Տուժել են հազարավոր մարդիկ, զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումից հետո ՀԱՊԿ-ի երկրները խաղաղապահներ են ուղարկել Ղազախստան: Հունվարի 5-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ։ Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնվել է բոլոր շրջաններում։