ԱՄՆ-ում բժիշկներն իրականացրել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի սրտի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը։ Այս մասին հայտնում են CNN-ը և BBC-ն։
Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժները երեք օր առաջ փոխպատվաստում են իրականացրել 57-ամյա Դևիդ Բենետին, այն տևել է մոտ ութ ժամ: Հիվանդն իրեն լավ է զգում, փոխպատվաստման առաջին 48 ժամն անցել է առանց որևէ արտառոց պատահարի։
Առանց այդ վիրահատության Բենեթը չէր ապրի, այդ պատճառով նա համաձայնել էր փորձարարական միջամտությանը։ Ծանր ախտորոշման պատճառով (այն չի ճշտվում) ամերիկացին չէր կարող հավակնել մարդկային դոնորական սրտին, իսկ բուժման մյուս բոլոր մեթոդները նա արդեն փորձել է:
«Մենք զգուշորեն ենք գործում, բայց լավատեսորեն ենք տրամադրված։ Մենք կարծում ենք, որ այս առաջին վիրահատությունն իր տեսակի մեջ նոր հնարավորություններ կբացի ապագայում»,- հայտարարել է սրտի փոխպատվաստման կենտրոնի ծրագրի ղեկավար Բարթլի Գրիֆիտը, որն անցկացրել է վիրահատությունը: Նա նշել է, որ հաջողության դեպքում նման փոխպատվաստումները կօգնեն լուծել դոնորական օրգանների պակասի ճգնաժամը։