Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանն անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին:
Ինչպես հաղորդում է Nouvelles d ‘ Arménie-ն, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Լը Դրիանը հայտարարել է, որ նախագահ Ալիևի արտահայտություններն «անընդունելի են ձևով և բովանդակությամբ»: Նրա խոսքով ՝ այդ մասին նա հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։
Միևնույն ժամանակ նախարարը ափսոսանք է հայտնել, որ Վալերի Պեկրեսը չի տեղեկացրել Ֆրանսիայի ԱԳՆ-ին Ստեփանակերտ կատարած իր այցի մասին: Լը Դրիանը նաև հաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։
Ավելի վաղ Վալերի Պեկրեսը դատապարտել էր Իլհամ Ալիևի՝ Արցախ կատարած այցից հետո հնչեցրած սպառնալիքները։