«Աբու Դաբի կայունության շաբաթ» (ADSW) միջազգային հեղինակավոր ֆորումի՝ «ADSW Talks»-ի հարցազրույցների շարքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը՝ կայունության կարևորության, Հայաստանի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ իրականացվող քայլերի, կայուն ապագայի և այլ հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հարցին, թե Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի՞ հիմնարար քայլեր է ձեռնարկում կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ, նախագահը պատասխանել է. «Հայաստանը «Մասդար»-ի հետ համագործակցությամբ արդեն իսկ կառուցում է առաջին արևային էլեկտրակայանը, և, հույս ունենք, ապագայում կկառուցի երկրորդը՝ ընդհանուր առմամբ 400 մեգավատտ հզորությամբ: Մենք մտածում ենք նույնիսկ մեկ այլ՝ 500 մեգավատտ հզորությամբ կայանի մասին, որը Հայաստանի նման փոքր երկրի համար հսկայական է»։
Ըստ նախագահի՝ մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, և կապ չունի, թե կլիմայական փոփոխության հետ կապված ինչպիսի դրական գործունեություն ես ծավալում, քանի որ եթե թեկուզ մեկ ծառ ես տնկում, ապա այն թթվածին է արտազատում ամբողջ մոլորակի համար: Այդպիսով՝ քո և՛ բացասական, և՛ դրական գործունեությունը կարող է գլոբալ մակարդակով ազդեցություն ունենալ:
«Ուստի, ես հանդես եկա առաջարկությամբ, Հայաստանում մենք մշակել ենք մաթեմատիկական և ֆինանսական մոդելները: Հայերս լավ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ ենք. ի դեպ, ես այն քիչ նախագահներից եմ, որը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Մենք մշակել ենք ձևը, թե ինչպես կարելի է բացասականը վերափոխել դրականի, թե ինչպես կարող ես լինելով փոքր երկիր՝ մեծ երկրի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտքդ վերափոխել ի նպաստ կլիմայի: Ավելի պարզ ասած՝ եթե ես փոքր երկիրն եմ և քեզ պարտք եմ, իսկ դու՝ մեծ երկիր ես և պետք է միջազգային հանրությանը վճարես կլիմայի փոփոխության մասով քո պարտավորությունը: Քեզ ժամանակ է հարկավոր քո արտազատած ածխաթթու գազն էկոլոգիապես ավելի մաքուրի վերափոխելու համար: Այս պարագայում ես իմ աջակցությունն եմ առաջարկում. եթե ես քեզ 100 միլիոն դոլար եմ պարտք, իսկ դու փնտրտուքի մեջ ես, ինչպես կատարել միջազգային հանրության առջև կլիմայի փոփոխության մասով քո պարտավորություն, ես քեզ առաջարկում եմ 100 միլիոն դոլար պարտքը վճարելու փոխարեն այդ գումարին համարժեք ծառ տնկել Հայաստանում: Կլիմայի փոփոխության ոլորտում իրականացված այդ 100 միլիոն դոլարին համարժեք իմ դրական գործունեությունը ես տալիս եմ քեզ, որը դու կարող ես ներկայացնել միջազգային քո պարտավորությունների շրջանակում: Ես այդ գործունեության կարիքը չունեմ, որովհետև CO2 չեմ արտանետում մթնոլորտ: Այդպիսով՝ մենք փոխանակում ենք կատարում՝ գումար տալու փոխարեն ես քեզ տալիս եմ կրեդիտ»,-նշել է նա։
Հարցին, թե ո՞րն է իր ցանկությունը ապագայի համար, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Իմ անունը Արմեն Սարգսյան է, և ես արդեն իսկ անցել եմ կյանքի չորս փուլերով: Առաջին փուլում գիտնական էի, մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր: Երկրորդում ես դիվանագետ էի, այնուհետև՝ վարչապետ: Երրորդ փուլում ազատ մարդ էի, բիզնես գործունեություն էի ծավալում և իմ ակադեմիական կենտրոնն էի կառավարում: Իմ կյանքի չորրորդ փուլում ես ժամանակավոր՝ 7 տարով Հայաստանի նախագահն եմ և սպասում եմ թևակոխելու հինգերորդ փուլ: Իմ կյանքի այս բոլոր փուլերում մշտապես հանձնառու եմ եղել այս մոլորակն ավելի լավը, մաքուր, կանաչ դարձնել և կշարունակեմ այդպես անել իմ կյանքի հաջորդող փուլերում: Հաջողություններ եմ մաղթում բոլորին»