Արտաքին քաղաքականության շատ հարցերում Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր դիրքորոշում ունեն։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Մոսկվայից վերադառնալուց հետո, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով:
«Անկասկած, Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի լուծմանը, արդարության, անվտանգության, խաղաղության և կայունության ամրապնդմանը», – ասել է Ռաիսին՝ լրագրողների հետ քննարկելով Սիրիայում գործողությունների համակարգումը:
Ռաիսին հավելել է, որ երկրները պետք է վերացնեն տնտեսական փոխգործակցության խոչընդոտները, նշելով, որ Մոսկվան և Թեհրանը «համաձայնության են հասել առաջին փուլում առևտրաշրջանառության ավելացման հարցում»:
Գործակալությունը նշում է, որ Իրանի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հունվարի 19-ին երկօրյա այցով ժամանել է Մոսկվա: