ԱՄՆ պետդեպարտամենտը կարգադրել է երկուշաբթի օրվանից սկսել Ուկրաինայում ամերիկյան դեսպանատնից դիվանագետների ընտանիքների տարհանումը: Ինչպես հաղորդում է РИА новости-ն, այս մասին Twitter-ում հայտնել է FoxNews հեռուստաալիքի լրագրողներից մեկը:
«Պետդեպարտամենտը կարգադրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին տարհանել երկրից», – մեջբերում է գործակալության աղբյուրը։ Լրագրողի խոսքով՝ այդ տեղեկությունը տրամադրել են պաշտոնատար անձինք։
Ավելի ուշ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը գործակալությանը չի հաստատել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ընտանիքների տարհանման մասին հաղորդագրությունները՝ նշելով, որ երկրի քաղաքացիները չպետք է հույսը դնեն կառավարության կողմից հովանավորվող չվերթների վրա, այլ օգտվեն առևտրային ավիաուղիներից:
Bild-ի տեղեկություններով՝ Գերմանիայի ԱԳՆ-ն մշակում է Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանման ծրագիր ՝ իրավիճակի սրման դեպքում:
«Արտաքին գործերի նախարարությունը մշակում է Ուկրաինայում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների հարազատներին տարհանելու ծրագիրը։ Ծրագրի համաձայն՝ դրանք պետք է դուրս բերվեն երկրից՝ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում», – պարբերականի հաղորդագրությունը մեջբերում է գործակալությունը։