Եվրամիությունը գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքերի համար, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք պետք է պատրաստ լինենք, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները և սցենարներ, այդ թվում այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կատարը և Ադրբեջանը, եթե Ռուսաստանը որոշի նվազեցնել կամ դադարեցնել մատակարարումը», – գործակալությունը մեջբերում է Բորելի հայտարարությունը։
Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրոպական հանձնաժողովում էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը մտադիր է փետրվարի սկզբին բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը: