Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասսը հայտարարել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կառավարական տեղեկատվության կենտրոնի ստեղծման մասին, որի գործունեությունը «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքարն է լինելու: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Ընթացիկ ամսվա սկզբից բացահայտվել է Ռուսաստանի կողմից կեղծ տեղեկատվության տարածման 40 դեպք։ Մենք քայլեր ենք անում դրա դեմ պայքարելու համար: Մենք արձանագրել ենք անցած շաբաթվա ընթացքում ապատեղեկատվության դեպքերի թվի կրկնակի ավելացում, մենք գիտենք, որ Ռուսաստանն աշխատում է այդ ուղղությամբ»,- ասել է Թրասսը՝ The Mail on Sunday թերթին տված հարցազրույցում:
Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում պնդումներ են հնչում Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է որպես լարվածության անհիմն հրահրում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում: Ընդ որում, նա չի բացառել հայտարարությունների արդարացման համար սադրանքների իրականացումը։