Ըստ Bloomberg-ի գնահատումների՝ Ուկրաինա ներխուժումից հետո ռուս միլիարդատերերի կարողությունը նվազել է գրեթե 40 միլիարդ դոլարով։ Տոկոսային արտահայտությամբ ամենաշատը կորցրել են Ալեքպերովն ու Տիմչենկոն՝ մոտ 40 տոկոս։
Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժումից հետո առաջին օրը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը, ըստ Bloomberg-ի գնահատումների, նվազել է 39 միլիարդ դոլարով, հայտնում է DW-ն։
Նշվում է, որ դա ավելին է, քան տարեսկզբից ունեցած նրանց կորուստները։
Վնասը հասցվել է ակտիվների բոլոր դասերին, նշում է Bloomberg-ը: ԱՄՆ դոլարը հասել է ռեկորդային մակարդակի՝ 89,60 ռուբլու, իսկ եվրոյինը՝ 99,99 ռուբլու։
Գործարարներից ամենաշատ կորուստները կրել է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը՝ ըստ Bloomberg-ի՝ նրա կարողությունը նվազել է 6,2 միլիարդ դոլարով՝ հասնելով 13 միլիարդ դոլարի, իսկ նավթային ընկերության բաժնետոմսերը հինգշաբթի օրը նվազել են մոտ 33 տոկոսով։
2022 թվականի սկզբից ի վեր երկու ամսից պակաս ժամանակում Վագիտ Ալեքպերովը և Գենադի Տիմչենկոն՝ Novatek-ի և Sibur-ի համասեփականատերերը և նախագահ Պուտինի ընկերը, կորցրել են յուրաքանչյուրը մոտ 10 միլիարդ դոլար կամ իրենց կարողության ավելի քան 40 տոկոսը: Սա ամենամեծ կորուստն է բոլոր ռուս միլիարդատերերի մեջ, նշում է Bloomberg-ը։
Այսօր՝ փետրվարի 25-ին, Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է բանակցություններ վարելու։ «Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին. Ուկրաինայում մարտեր են ընթանում. Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնենք մարդկային կորուստները»,- ասաց նա։
Պուտինը նույն օրը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցել Ուկրաինայի հետ։