Կիևը մտել է պաշտպանության փուլ, իրավիճակը բարդ է, հակառակորդը ցանկանում է ոչնչացնել մայրաքաղաքը։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հայտնում է «Украинская правда»-ն։
«Քաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ։ Այժմ որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են լսվում։ Ուկրաինացի զինվորականները չեզոքացրել են ռուսների դիվերսիոն խմբերը։ Ցավոք սրտի, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն ներթափանցել են Կիև։ Թշնամին ցանկանում է ծնկի բերել մայրաքաղաքը և ոչնչացնել մեզ։
Ուկրաինական բանակը պաշտպանում է Կիևը։ Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին, մենք աջակցում ենք նրանց, օգնում ենք»,- ասել է Կլիչկոն։
Նա դիմել է Կիևի, հատկապես Օբոլոնսկի շրջանի բնակիչներին՝ խնդրելով չլքել իրենց տները կամ կացարանները։ «Պատրաստեք ջուր, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր, պատրաստեք տաք հագուստ, վերմակներ, որպեսզի դրանք օգտագործեք ողջ ընթացքում»,- խորհուրդ տվեց նա։
Կլիչկոն հայտնել է նաև, որ Կոսիցե փողոցի 7 ա տան վրա հրթիռի բեկորներից ուրբաթ օրը՝ վաղ առավոտյան, տուժել է տան 4 բնակիչ։ «Նաև Օբոլոնի վրա ռուսական զինտեխնիկայի բախման հետևանքով վիրավորվել է քաղաքացիական անձ, տարեց տղամարդ։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է»,- ասաց քաղաքապետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։
Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։