ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրին։
Չավուշօղլուն հայտարարել է․ «Ռազմական լարվածության աճը ոչ մեկին օգուտ չի բերելու, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է բանակցություններ նախաձեռնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, եթե կողմերը ցանկանան։
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Փետրվարի 25-ին Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել։ Նույն օրը Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն էլ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների և կողմերը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ: