Թուրքիան լիազորություններն օգտագործում է Մոնտրեի կոնվենցիայի շրջանակներում, որպեսզի կանխի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի հետագա սրումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիան լի է վճռականությամբ օգտագործելու լիազորությունները, որոնք նրան տրվել են Մոնտրեի կոնվենցիայով նեղուցներում նավերի շարժման վերաբերյալ, այնպես, որպեսզի կանխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի հետագա էսկալացիան», – Էրդողանի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Նրա խոսքով` Անկարան շարունակում է բազմակողմանի դիվանագիտական նախաձեռնությունները` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով:
«Նախագահ Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք և բարձր է գնահատում այն պայքարը, որը վարում են Ուկրաինայի ղեկավարությունն ու ժողովուրդը», – ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` Էրդողանն ընդգծել է, որ «ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք կհաղթահարենք Սև ծովի հյուսիսում ճգնաժամը, ինչպես նաև բոլոր այն մարտահրավերները, որոնց վերջին ժամանակներս բախվում է մեր երկիրը:
Իր ելույթում նախագահ Էրդողանը նշել է, որ «Թուրքիան չի վարվի իր ազգային շահերով, սակայն չի անտեսի տարածաշրջանային և գլոբալ հավասարակշռությունը»:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: