Թուրքիան նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ չի բաց թողնի ռազմանավերը Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք կատարել ենք և շարունակելու ենք կատարել այն դրույթները, որոնք ամրագրված են Մոնտրեի կոնվենցիայով։ Մինչ օրս մենք ոչ մի հարցում չենք ստացել։ Մենք զգուշացրել ենք բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ նեղուցներով ռազմական նավեր չեն անցնի», – նախարարի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «վճռական է օգտագործելու այն լիազորությունները, որոնք իրեն տվել է Մոնտրեի Կոնվենցիան նեղուցներում նավերի շարժման վերաբերյալ, որպեսզի կանխի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի հետագա էսկալացիան»: