ԱՄՆ-ն ինքնանպատակ չի համարում Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները և պատրաստ է և՛ խստացնել, և՛ մեղմել դրանք՝ կախված Ուկրաինայի իրավիճակի փոփոխություններից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է «РИА Новости»-ն։
«Այս տնտեսական միջոցները կոչված են ճնշում գործադրելու Ռուսաստանի Դաշնության վրա այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Եթե դա տեղի ունենա, միջոցները համապատասխանաբար կչափորոշվեն: Եթե դա տեղի չունենա, եթե Ռուսաստանը շարունակի էսկալացիան, այդ միջոցները նույնպես համապատասխան չափորոշված կլինեն։ Մենք պատրաստ ենք հետագա էսկալացիային, պատրաստ ենք տրամաչափվել հակառակ ուղղությամբ»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
«Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, այլ նպատակին հասնելու միջոց։ Եվ նպատակը, որին մենք ձգտում ենք հասնել, այս հակամարտությանը, այս դաժան պատերազմին վերջ տալն է։ Մենք ցանկանում ենք տեսնել դեէսկալացիա»,- հավելել է Փրայսը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է շարժվել այս ուղղությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։
Փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Փետրվարի 28-ին Գոմելում բանակցություններ են տեղի ունեցել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի համաձայն՝ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։
Ավելի քան 5 ժամ տևած բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կողմերը «նշել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց շուրջ ուրվագծվել են որոշակի որոշումներ»։ Հանդիպմանը քննարկվել է նաև մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, հավելել է Պոդոլյակը։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին ասել է, որ կողմերը «որոշ կետեր են գտել, որոնցով հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել»։ Նրա խոսքով՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա լեհ-բելառուսական սահմանին մոտ օրերս։