Ռուսական առաջարկին համապատասխան մարդասիրական միջանցքների բացումն անընդունելի է ուկրաինական կողմի համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, փոխանցում է TACC-ը։
«Սա անընդունելի տարբերակ է մարդասիրական միջանցքների բացման համար»,- ասել է նա ճեպազրույցում։
Միևնույն ժամանակ, ըստ Ria.ru-ի, ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում գործողության ընթացքում բացել է վեց մարդասիրական միջանցք, այդ թվում՝ Կիևից մինչև բելառուսական Գոմել, ասել է ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից «լռության ռեժիմ» է հայտարարվել և մարդասիրական վեց միջանցք է բացվում։ Մեկը Կիևից Գոմել, երկուսը Մարիուպոլից Զապորոժյե և Դոնի Ռոստով, հաջորդը Խարկովից Բելգորոդ, երկուսը Սումիից Բելգորոդ և Պոլտավա»,- ասաց նա:
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ամբողջ մանրամասն տեղեկատվությունը նախապես փոխանցվել է ուկրաինական կողմին, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համապատասխան կառույցներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։