Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրվա տեսաուղերձում ասել է, որ պատերազմը պետք է դադարեցնել և նստել «ազնիվ և առարկայական բանակցությունների սեղանի շուրջ»։
Զելենսկին ասել է, որ այսօր զրույց է ունեցել Նիդեռլանդների, Իսրայելի, Լյուքսեմբուրգի վարչապետների և Ֆրանսիայի նախագահի հետ։
«Ունենք աջակցություն, ունենք փոխըմբռնում»,- շեշտել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։