ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանում է ակնկալում բոլոր դաշնակիցներից, այդ ազդանշանն ուղարկվել է նաև Թուրքիային, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այո, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն: Այսպիսով, մենք կարող ենք ստիպել Ռուսաստանին վճարել դրա գինը: Այս մասին տեղեկացրել եմ նաև պարոն Չավուշօղլուին։ Թուրքիան այստեղ առանցքային դեր է խաղում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Եվրամիության երկրները, Միացյալ Նահանգները և մի շարք այլ պետություններ սահմանափակող քաղաքական և տնտեսական միջոցներ են կիրառել Ռուսաստանի Դաշնության և մի շարք ռուս անհատների ու կազմակերպությունների դեմ, որոնք ներգրավված են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման գործում, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության ժամանակ։