Մոսկվան, ի պատասխան Վաշինգտոնի պատժամիջոցների, արգելել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ևս 12 ամերիկացի պաշտոնյաների մուտքը ՌԴ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Ի պատասխան աննախադեպ պատժամիջոցների շարքի, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պաշտոնատար անձանց մուտքը ԱՄՆ, մարտի 15-ից ռուսական «ստոպ – ցուցակ» ընդգրկվում են փոխադարձության հիման վրա նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և ամերիկացի հայտնի գործիչներ», – ասված է հաղորդագրության մեջ:
«Մոտ ժամանակներս պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին նոր հայտարարություններ կհետևեն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, օրենսդիրների, գործարարների, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդգրկման հաշվին, ռուսատյաց տրամադրված կամ Ռուսաստանի նկատմամբ ատելության բորբոքմանը և սահմանափակիչ միջոցների ներդրմանը նպաստող, – ասված է հայտարարության մեջ: – Այդ գործողություններն իրականացվելու են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսաբանկային և այլ ոլորտներում ընդունված լայնածավալ որոշումներով՝ Ռուսաստանի տնտեսության պաշտպանության և նրա կայուն զարգացման ապահովման համար»:
Ինչպես պարզաբանել են նախարարությունում, ԱՄՆ-ի պատժամիջոցների շարքին Ռուսաստանի պատասխանը դարձել է Վաշինգտոնի կողմից ծայրահեղ ռուսատյաց քաղաքականության անխուսափելի հետևանքը: