Կիևը բանակցություններում առաջարկում է Ուկրաինայում ստեղծել ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ, որն ունի սեփական բանակը:
Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է РИА Новости-ն։
«Ուկրաինայի չեզոք կարգավիճակի պահպանումն ու զարգացումը, Ուկրաինայի ապառազմականացումը քննարկվում է ուկրաինական բանակի չափի հետ կապված հարցերի մի ամբողջ համալիր։ Ուկրաինան առաջարկում է չեզոք ապառազմականացված պետության ավստրիական, շվեդական տարբերակ, բայց միևնույն ժամանակ, սեփական բանակ և ռազմածովային ուժեր»,– ասել է Մեդինսկին:
Ռուսական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինան չեզոք կարգավիճակ ունի նաև այժմ: «Հենց չեզոքության պայմանով է, որ Ուկրաինան Խորհրդային Միության կազմից դուրս է եկել 1991 թվականին, և այդ չեզոքությունը գրված է Ուկրաինայի ինքնիշխանության մասին հռչակագրում»,– ընդգծել է նա: