ԱՄՆ-ն Անկարայի հետ բանակցություններ է վարում Կիևին C-400 զենիթահրթիռային համակարգեր ուղարկելու շուրջ` Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչի արտադրության ամերիկյան ծրագրում ընդգրկելու և Անկարայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը` վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք անընդհատ բանակցություններ ենք վարում Անկարայի հետ C-400 համակարգից հրաժարվելու և այն Կիև ուղարկելու վերաբերյալ` Թուրքիային F-35 ծրագրին վերադարձնելու և պատժամիջոցները հանելու դիմաց»,- գործակալությունը մեջբերում է Պենտագոնի ներկայացուցչին:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաները թուրք գործընկերների հետ խորհրդակցությունների ժամանակ անդրադարձել են Անկարայի կողմից Կիևին С-400-ներ փոխանցելու հնարավորությանը: