Համաշխարհային հանրությունը կանգնած է «աննախադեպ» պարենային ճգնաժամի շեմին, որը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի առաջնորդների հանդիպման արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ։
«Այս իրադրությունը կհանգեցնի պարենային ճգնաժամի, ծանր հումանիտար իրավիճակների մի շարք երկրներում և, անկասկած, հսկայական քաղաքական հետևանքների», – նշել է Մակրոնը (մեջբերում BFMTV — ից) և հավելել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խոշորագույն գյուղատնտեսական արտադրողներն են: Հատկապես խոցելի են, ըստ Ֆրանսիայի նախագահի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովը», – հայտարարել է Շոլցը: Նա հայտնել է, որ Գերմանիան Ուկրաինային և փախստականներին ընդունող հարևան երկրներին հումանիտար օգնության ծավալը կմեծացնի մինչև 370 մլն եվրո, և ևս 430 մլն եվրո կուղղի առաջիկա պարենային ճգնաժամի դեմ պայքարին:
«Պարենի պակասն իրական կլինի»,— G7-ի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Հաղորդվում է, որ G7-ի ղեկավարները քննարկել են ցորենի արտադրության ավելացմանը վերաբերող հարցեր, որպեսզի նվազեցնեն պարենի պակասը: